Սիրո և երջանկության արքայական ընծա

HASIS-ի ստեղծման պատմությունը

Լինելով HASIS ապրանքանիշի հիմնադիր, կուզենայի երկու խոսքով ներկայացնել այն ճանապարհը, որն ինձ բերեց այս գաղափարի իրականացմանը:

Ունենալով ստեծագործական հարուստ փորձ, աշխատել եմ ամենատարբեր նյութերով՝ փայտ, կտավ, մետաղ, քար, թուղթ… փորձել եմ էքսպերիմենտների միջոցով տարբեր ոճային համադրումներ ստանալ:

Աշխատելով որպես դիզայներ Հայաստանի բազմաթիվ թանգարանների հետ, ուսումնասիրել եմ տարբեր դարաշրջանների պատմամշակութային և արվեստի բարձրարժեք նմուշներ, որոնցից ոգեշնչված զգացի իմ առաքելությունը՝ այդ ամենը հասու դարձնել հասարակության լայն շերտերին՝ մերօրյա զարդերի և աքսեսուարների տեսքով, դրանց միջոցով փոխանցել այն սիրո բերկրանքն ու երջանկությունը, որը ներդնում եմ յուրաքանչյուր դետալի մեջ:

HASIS-ի նպատակն է ստեղծել նմուշներ, որոնք լինելով ժամանակի մեջ, կապրեն նաև Ժամանակից դուրս՝ ընդգծելով յուրաքանչյուր կրողի բնավորությունը, շեշտելով նրա անհատականությունը:

AuthorՀասմիկ Մովսեսյան – Հիմնադիր

ԱՐՈՒԲԱՆԻ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ ԱՐՁԱՆԻԿԸ
Ք.ա. VIII – VII դարեր, Վան, Դարաբեյ ամրոց, բրոնզ,
Հայաստանի պատմության թանգարան

ԹԵՅՇԵԲԱ ԱՍՏԾՈՒ ԱՐՁԱՆԻԿԸ
Ք.ա. VIII – VII դարեր, Կարմիր բլուր, բրոնզ
Հայաստանի պատմության թանգարան

ՈՐՄՆԱՆԿԱՐ ԽԱԼԴԻ ԱՍՏԾՈՒ ՏԱՃԱՐԻՑ
Ք.ա. VIII դար, Էրեբունի, կավ
Հայաստանի պատմության թանգարան

ՍԱՂԱՎԱՐՏ` ԱՐԳԻՇՏԻ I ԱՐՔԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Ք.ա. 786 – 764 թթ., Կարմիր բլուր, բրոնզ
Հայաստանի պատմության թանգարան

HASIS անվան հիմքում կա գեղեցիկ պատմություն…

HASIS-ի լեգենդը

Ըստ լեգենդի՝ ուրարտական* Հասիս թագուհին (մ.թ.ա. VII դար) 12 արու զավակ է պարգևում Արգիշտի II արքային՝ երեք անգամ քառյակ լույս աշխարհ բերելով: Արքան որոշում է իր երջանկությանը հաղորդակից դարձնել նաև ժողովրդին և այդուհետ երկվորյակ ծնած յուրաքանչյուր կնոջ 12 արծաթադրամ ընծայում։

Այս լեգենդը ոգեշնչել, իմաստ և բովանդակություն է հաղորդել ապրանքանիշին` ստեղծելով կարգախոսը.

   ՀԱՍԻՍ`սիրո և երջանկության արքայական ընծա

*ՈՒՐԱՐՏՈՒ. ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ… Ք.ա. IX դարի կեսերին Հայկական լեռնաշխարհում պատմական ասպարեզ իջավ Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, որն ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Ուրարտու անունով: Ուրարտացիք իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է` Արարատյան թագավորություն:
Ուրարտուն կազմավորվեց Վանա լճի ավազանում և Հայկական Տավրոսում` մինչ այդ ձևավորված քաղաք-պետությունների և իշխանությունների միավորմամբ: Ուրարտուի մեզ հայտնի առաջին տիրակալն էր Արամեն (Ք.ա. 860-844 թթ.), որն իր հետնորդներին թողեց բավական հզոր մի պետություն: Նրա հաջորդը` Սարդուրի I արքան` Լութիպրիի որդին, իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրի երկրի արքա»:
Ք.ա. IX – VIII դդ. Իշպուինի և Մենուա արքաների ձեռնարկած բարենորոգումների արդյունքում Վանի թագավորությունը վերաճեց տիրակալության և քաղաքական հզորության գագաթնակետին հասավ Արգիշտի I և Սարդուրի II արքաների օրոք: Պարտության մատնելով Էթիունի ցեղային միության տիրակալներին հյուսիսում և Ասորեստանին հարավում` ուրարտացիներին հաջողվեց միավորել Հայկական լեռնաշխարհի երկրները և վերահսկել բոլոր գլխավոր ճանապարհները:
Ուրարտուն գլխավորում էր տարածաշրջանում ձևավորված հակաասորեստանյան դաշնակցությունը: Սակայն Ք.ա. 743թ. դաշնակիցները պարտվեցին: Կիմերները հյուսիսից և ասորեստանցիները հարավից` Ք.ա. 714 թ. արշավեցին Ուրարտուի վրա: Չնայած կրած պարտությանը ուրարտական թագավորությունը գոյատևեց ևս գրեթե մեկուկես դար և կործանվեց Ք.ա. 585 թ.` մարերի, բաբելոնացիների և սկյութների դեմ մղված պայքարում:
Ուրարտական պետականության անկումից հետո նույն տարածքում կազմավորվեց Հայոց Երվանդունիների թագավորությունը:

Համագործակցություններ

Հավաքածուներ

HASIS-ը համագործակցել է հայաստանյան տարբեր թանգարանների հետ և ստեղծել է նրանց նմուշների մոտիվներով հավաքածուներ: Հայաստանի պատմության թանգարան, Մ. Սարյան Տուն Թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան, Ռուսական արվեստի թանգարան: