Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առաջին թանգարանը հիմնադրվել է 1869 թ.՝ Տ. Տ. Գևորգ Դ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Տարիների ընթացքում Սուրբ Էջմիածնում ստեղծվել են նոր թանգարաններ, և այսօր Մայր Աթոռի թանգարանային համալիրի մաս են կազմում հետևյալ կառույցները՝ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան (1869), «Խրիմյան» թանգարան (1896), Հին Վեհարանի թանգարան (1971), Նոր Վեհարանի թանգարան (1965), «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն (1982), Ռուբեն Սևակի թանգարան (2013):

Սուրբ Էջմիածնի թանգարանային հավաքածուն կազմում է շուրջ 5.000 թանգարանային առարկա: Թեև Մայր Աթոռում պահպանվող և ցուցադրվող բարձրարվեստ ստեղծագործությունները կազմում են հայոց ազգի պատմամշակութային հարուստ ժառանգության շատ փոքր մասը, այդուհանդերձ այդ հավաքածուն իր աշխարհագրական և ժամանակագրական տարողությամբ, իրավամբ, հանդիսանում է հայոց քրիստոնեական մշակույթի և եկեղեցական արվեստի ինքնատիպ և յուրօրինակ հանրագիտարան: Թանգարանի հավաքածուի մեջ ներառված են նաև հայ և օտարերկրյա նկարիչների գեղանկարներ, քանդակներ, գորգեր, դրամագիտական, հնագիտական առարկաներ: Մայր Աթոռի թանգարաններում թեև գործում է մշտական ցուցադրություն, սակայն թանգարանային առարկաները տեղաբաշխված են որոշակի թեմատիկ խմբավորմամբ, ըստ այդմ՝ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում ցուցադրված են Հայոց Եկեղեցու կարևոր սրբությունները, մասանց պահարանները, եկեղեցական արվեստի մետաղյա այլ ստեղծագործություններ, Գանձատանը՝ խորանի վարագույրներ և եկեղեցական զգեստներ, ձեռագրեր, սրբապատկերներ, գորգեր, հնագիտական առարկաներ, Նոր Վեհարանի, «Խրիմյան» և Ռուբեն Սևակի թանգարաններում՝ գեղանկարներ, Հին վեհարանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ կապված անձնական իրեր, պատկերներ:

HASIS

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

HASIS-ը համագործակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների հետ և ստեղծել նմուշների մոտիվներով հավաքածու: